Մարտի 1–ին երթին մասնակցելու կոչով՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի տարածած հայտարարությունը շփոթմունք է եղել։ Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք դա և մյուս մարզպետների նմանատիպ ջանքերը վարչական ռեսուրսի օգտագործում չեն:

Իրականում ոչ մի գաղտնիք չկա, որ պետական կառավարման համակարգի վերին հատվածում գտնվող անձանց մեծ մասը ոչ միայն պաշտոնյա լինելուց հետո, այլեւ նախկինում մասնակցել են մարտի 1-ի երթին: 

«Դա հարգանքի տուրքի մատուցում է: Որեւէ խնդիր չկա, որ լայն զանգվածների մասնակցություն ապահովենք, որի համար էլ վարչական լծակ օգտագործենք: Դրա կարիքը չկա: Եկեք մարտի 1-ը չդարձնենք շահարկումների առիթ: Հարգանքով մոտենանք այս օրվան: Այստեղ չի կարող լինել որեւէ քաղաքական հարց, նաեւ դրա հիմքում դնել վարչական լծակների օգտագործում: Մենք մեր պարտքը կատարելու ենք գնալու:

Սա պետական մակարդակով իրականացվող խնդիր է, որովհետեւ վարչապետի այսօրվա հայտարարությունը, նաեւ անցյալի համար ներողություն հայտնելն այն մասին էր, որ մեր հանրությունն այլեւս համերաշխության հասարակություն պետք է լինի: Հավատացնում եմ, որ դա կլինի հնարավորինս առանց որեւէ մեկի աշխատանքային իրավունքը ոտնահարելու: Այո, հրահանգ տրվել է հակառակը՝ որեւէ մեկի աշխատանքային իրավունքն ու ցանկությունը որեւէ մեկի կողմից չոտնահարելու»,-ասաց նա:

Ավելի վաղ մամուլում հրապարակումներ եղան, որ փետրվարի 27-ին, Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվել է Մարտի 1-ի երթի մասին տեղեկատվություն, որտեղ նշվում էր, որ մարզպետն անձամբ է գլխավորելու Արարատի մարզից Երևան շարժվող երթը:  Հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Լրատվամիջոցների անդրադարձից հետո հայտարարությունը հեռացվել էր մարզի պաշտոնական կայքից: