Twitter-ի օգտատերերը հնարավորություն կստանան թաքցնել իրենց գրառումների անցանկալի պատասխանները, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով TechCrunch-ին:

Նոր գործառույթը կառաջարկվի «Կիսվել» կոճակը սեղմելու դեպքում: Ընկերությունը համարում է, որ սոցցանցի օգտատերերը չեն կարող պաշտպանվել տոքսիկ մեկնաբանություններից եւ ցանկանում են շտկել դա: Այն նման կլինի YouTube-ում կամ Reddit-ում մեկնաբանությունները անջատելու գործառույթին:

Անցանկալի «ռեփլայները» չեն հեռացվի: Մնացած օգտատերերին դրանք տեսանելի կլինեն, եթե նրանք սեղմեն «տեսնել թաքցված մեկնաբանությունները» կոճակը:

Գործառույթը թեստավորման փուլում է. դրա գործադրման ժամկետը չի հաղորդվում: TechCrunch-ը գտնում է, որ այն ինչպես օգտակար կլինի, այնպես էլ կարող է վնաս հասցնել: Հնարավոր է՝ այն կիրառվի քաղաքական գործիչների կողմից. նրանք կկարողանան թաքցնել մեկնաբանությունները, որոնք մատնանշում են սխալները կամ թերությունները: