Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով Ադրբեջանի համար անշուշտ խոսքը Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձի եւ ընդհանրապես ինքնավարության եւ տարածքային ամբողջականության մասին է. Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ. Խոսքն ինքնորոշման եւ մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար: Այս մասին «Ամերիկայի ձայնին»  տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նրա խոսքով, այս երկու տարրերն էլ պետք է քննարկման մաս լինեն. «Եվ ոչ միայն. Անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Անհրաժեշտ է քննարկել ենթակառուցվածքները: Դուք չեք կարող պարզապես ընտրել մեկ տարր եւ ասել, որ սա է կարգավորումը: Այսպիսով, բանակցություններում հաճախ է օգտագործվում այն բանաձեւը, թե ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչն է անհրաժեշտ համաձայնեցնել, եւ եթե մի կողմ դրվեն փոխվստահության կառուցմանն ուղղված փոքր քայլերը, ապա երկու ղեկավարներին անհրաժեշտ է բարձրացնել այս խնդիրները եւ համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը»,-ընդգծել է նախկին համանախագահը: