Եթե անգամ Հյուսիս-Հարավ գազատարի, որով Հայաստանը գազ է ստանում Ռուսաստանից, վրացական հատվածի բաժնետոմսերի 25 տոկոսը վաճառվի, դա չի ազդի նրա շահագործման վրա: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` մեկնաբանելով նման գործարքի գնալու վրացական կողմի մտադրությունը:
«Եթե անգամ այդ բաժնետոմսերը գնի Ադրբեջանը, դա որեւէ սպառնալիք չի ներկայացնի Հայաստանի համար: Բաքուն մեզ չի կարող շանտաժի ենթարկել դրանով»,- հայտարարել է նախարարը` ընդգծելով, որ տվյալ հարցը հանգամանալից քննարկվել է կառավարությունում եւ գործադիրը եկել է նման եզրահանգման: Նա նաեւ հիշեցրել է, որ սպառնալիքի դեպքում Հայաստանը պահեստային գազատար ունի Իրանից:
Նշենք, որ Վրաստանը Հյուսիս-Հարավ գազատարի հատվածը հանել էր սեփականաշնորհման ենթակա ռազմավարական օբյեկտների ցանկից:




























