Business Insider պարբերականը հայտնել է, թե որոնք են ամենասպասված սմարթֆոնները, որ թողարկվելու են 2019 թվականին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցուցակում են հայտնվել Samsung ընկերության Galaxy Fold եւ Note 10 սարքերը, Huawei Mate X-ը, Motorola Razr-ը, Google Pixel 3 Lite-ը, OnePlus 7-ը, ինչպես նաեւ Apple կորպորացիայի նորույթները:

Samsung Galaxy Fold-ն ունի ծալվող էկրան, որի շնորհիվ սարքը կարող է օգտագործվել ե՛ւ որպես սովորական սմարթֆոն, ե՛ւ որպես պլանշետ: Գաջեթի արժեքը կազմում է մոտ հազար դոլար:

Պարբերականն առանձնացրել է նաեւ Samsung Galaxy Note 10-ը: Այս հավաքածուն տարբերվում է Galaxy S շարքի համեմատ մեծացված էկրանով, ինչպես նաեւ ստիլուսի առկայությամբ: Ավանդույթի համաձայն՝ արտադրողը նորույթը կարող է ներկայացնել ամռան վերջին:

Չինական Huawei Mate X սմարթֆոնը, ինչպես եւ Samsung Galaxy Fold-ը, նույնպես ծալվող էկրան ունի: Ակնկալվում է, որ Mate X-ի արժեքը կկազմի մոտ 2,6 հազար դոլար, իսկ արտադրությունը կսկսվի տարվա կեսին:

Motorola Razr-ը, որը 2000-ական թվականների սկզբին տարածված մոդել էր, թարմացված ձեւաչափում կարող է նոր կյանք ստանալ, հայտնում է Business Insider-ը: Նորույթը, ինչպես եւ վերեւում հիշատակված սարքերը, նույնպես ծալվող էկրան կունենա, իսկ արժեքը կկազմի մոտ 1,5 հազար դոլար:

Google Pixel 3 Lite-ը ֆլագմանային Pixel 3-ի համեմատաբար էժան տարբերակն է, այն ավելի էժան կլինի, քան ներկայիս iPhone XR-ը, որը վաճառվում է 749 դոլարով:

OnePlus 7 սմարթֆոնը կարող է դառնալ OnePlus 6T մոդելի ժառանգորդը, որը Business Insider-ը համարում է 2018 թվականին լավագույններից մեկը: Նոր գաջեթը կաշխատի Qualcomm Snapdragon 855 պրոցեսորի բազայով:

Ցուցակում է հայտնվել նաեւ Apple կորպորացիայի արտադրանքը: Ամերիկյան ընկերությունը ծրագրում է այս տարի թողարկել 3 նոր iPhone՝ որպես իր վերջին մոդելների ժառանգորդներ՝ iPhone XR, iPhone XS եւ iPhone XS Max սմարթֆոնները:

Business Insider-ն ավելի վաղ հայտնել էր վերջին շրջանում թողարկված սմարթֆոնների 20 լավագույն մոդելները: