Ղարաբաղյան կարգավորման հարցում ԵՄ օգնությունը կարող է լինել ինչպես քաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական: Մարտի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Արման Եղոյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյւանի այցը Բրյուսել եւ այնտեղ արված հայտարարությունները:

Եղոյանի խոսքով՝ ԵՄ-ն տարածաշրջանում լուրջ եւ խոշոր խաղացող  է, սակայն այնուամենայնիվ, ղարաբաղյան հարցը կարգավորվելու  է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

«Երկրներից մեկը, որը բանակցային գործընթացում ներգրավված է որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, եւ որն ըստ էության այնտեղ ԵՄ-ն է ներկայացնում, Ֆրանսիան է», - ասաց իշխող ուժից պատգամավորը:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ հաշվի առնելով վերոնշյալը, կարելի է ասել, որ ԵՄ-ն հնարավորություն ունի, թեեւ անուղղակի, ազդել տարածաշրջանային անվտանգության վրա, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը ամբողջ Անդրկովկասի անվտանգության ապահովման կարեւորագույն տարրերից է:

Հարցին՝ պատրաստ է արդյոք Բրյուսելը աջակցել  ՀՀ վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղին որպես տվյալ հակամարտության երրրորդ կողմ բանակցային սեղան վերադարձնելու մասին նախաձեռնությանը,Եղոյանը նշեց, որ դրանում պետք է շահագրգռված լինեն բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այդ հարցի իրական եւ վերջնական լուծումը, այլ ոչ թե կենտրոնացած են տարբեր տեսակի հայտարարությունների հնչեցման վրա:

«Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհնար է պատկերացնել ղարաբաղյան խնդրի լուծումը, եւ ինձ թվում է, դա հասկանում են բոլոր լուրջ քաղաքական գործիչները եւ միջազգային խաղացողները», - ասաց պատգամավորը՝ հավելելով, որ միայն ժամանակը ցույց կտա՝ կօգնի արդյոք ԵՄ-ն ազդել բանակցային գործընթացի վրա եւ ԼՂ-ին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ:

Հիշեցնենք, որ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած հայկական պատվիրակության այցի ժամանակ ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին աջակցություն էր հայտնել Հայաստանի կառավարության ղեկավարին`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին Եվրամիության բազմակողմ մասնակցության հարցում: