Կան գնահատականներ, որ Հայաստանը խստացնում է բանակցային գործընթացի հանդեպ իր դիրքորոշումը, սակայն կառավարության դիրքորոշումը չի փոխվել, քանի որ մենք ի սկզբանե ասում էինք, որ առկա իրավիճակին համարժեք կլինենք։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում մարտի 6-ին կառավարության ժամի ընթացքում իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Վարչապետը նաեւ հիշեցրեց, թե նախկինում հայտարարել է այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։

«Այդ հայտարարությունը հեշտ չէր, եւ արվել էր նորմալ բանակցային մթնոլորտ ստեղծելու համար։ Հայաստանն արել է առաջին քայլը՝ ակնկալելով նման հայտարարություն Ադրբեջանի կողմից։ Ցավոք, նման հայտարարություն չեղավ։ Հակառակը, Ադրբեջանում հայտարարում են հակամարտությունը ուժի գործադրմամբ լուծելու հնարավորության եւ պատրաստակամության մասին։ Այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները չեն մտածում լուծման հնարավորության եւ այն տարբերակի մասին, որը կարող է ընդունելի լինել նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների կողմից։ Մենք գոյություն ունեցող իրավիճակին համարժեք ենք։ Դա մեր դիրքորոշումն է»,- ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքերով, բանակցությունների արդյունավետության համար անհրաժեշտ է բանակցային արդյունավետ ձեւաչափ, որը ընդունվել է միջազգային հանրության կողմից դեռեւս 1994 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել էր բանակցային գործընթացի կողմ։

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ ձեւաչափը լիարժեք աշխատի, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- պարզաբանեց կառավարության ղեկավարը։