ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցությունը պետք է դիտարկել միայն Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում։ Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների այլընտրանք Երեւանը չունի, եւ այլ դիվիդենդներ Հայաստանն այս Միությունից չի քաղի։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության «մեխը»։ Եթե մեզ հաջողվի քիչ թե շատ հաջող զարգացնել այդ հարաբերությունները, ապա մնացած խնդիրները՝ կապված, մասնավորապես, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետ, մեզ չպետք է հուզեն, քանի որ Ռուսաստանից բացի Երեւանն այդ կազմակերպությունում այլ դաշնակիցներ չունի»,- նշել է Նավասարդյանը։
Նա ընդգծել է, որ ռուսական էլիտան հաշտվել է այն մտքին, որ Վլադիմիր Պուտինը իշխանությունում կմնա նաեւ 2024-ից հետո, իսկ փոփոխությունները, ինչպես հայտնի է, Ռուսաստանում անխուսափելիորեն կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների վրա։ «Դա կապված է այն բանի հետ, որ առայժմ հնարավոր չի թվում իրադարձությունների այնպիսի զարգացումը, երբ տեղի կունենար իշխանափոխություն։ Միաժամանակ, Ռուսաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետ կապված՝ նախագահի վարկանիշն ընկնում է։ Փոփոխությունները Ռուսաստանում անխուսափելիորեն կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների վրա, սակայն դրան արդեն պետք է հանգիստ արձագանքել»,- հավելել է փորձագետը։
Բորիս Նավասարդյանն ընդգծել է, որ սեփական շահերի իրագործման եւ գործընկերային պարտավորությունների կատարման համադրման պարագայում ոչ մի խնդիր երկկողմ հարաբերություններում չի ծագի։




























