Ադրբեջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իր քաղաքականությունը չի փոխել: Մարտի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ պատերազմը չի ավարտվել, եւ մենք պետք է օգտագործենք մեր քաղաքական ու դիվանագիտական ռեսուրսները, սակայն պետք է հասկանալ, որ ամեն ինչ որոշվելու է ռազմադաշտում: «Մեր ուժը միասնության մեջ է: Հակառակորդը սպասում է այն պահին, երբ կկարողանա մեզ պառակտել: Մենք կարող են մեր դեմ ինչ-ինչ գործողություններ թույլ տալ կամ թույլ չտալ: Եթե մենք թուլանանք, ապա դա նշանակում է, որ թույլ ենք տալիս»,- շեշտեց նա:
Պողոսյանը նշեց, որ Հայաստանից բացի, Լեռնային Ղարաբաղն այլ դաշնակիցներ չունի, եւ իրադրության փոփոխությանը կարող է նպաստել Երեւանը: «Աշխարհում Ղարաբաղի իմիջի բարձրացման հարցում վճռրորոշ դեր է խաղում ժողովրդավարական զարգացումը: Այս իմաստով, որակյալ ընտրությունները ավելի մեծ հնարավորություններ կտան»,- հավելեց փորձագետը:
Թեւան Պողոսյանի կարծիքով՝ սահմանին կրակոցների պակասելը դեռեւս չի խոսում այն մասին, որ լարվածություն չկա: «Սպասումները, ինժեներական աշխատանքները, հայտարարություններն այն մասին, որ հակառակորդը ցանկանում է Երեւանը գրավել: Այս ամենը լարվածության աղբյուր են»,- եզրափակեց նա:





























