Սա այն դեպքն է, երբ պետությունը պետք է ռեալ ռիսկերը գնահատի։ Այս մասին այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ խոսելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի մասին, որում առաջարկվում է ավելացված արժեքի հարկով հարկել ոչ թե շաքար պարունակող ըմպելիքները, այլ բոլոր գազավորվածները։
Նրա խոսքով՝ այդ ռիսկերի գնահատումը, եթե իրականացվի, կպարզվի, որ իրականում ավելի լուրջ պրոբլեմներ են առաջ գալու. «Էժան ապրանքի թանկացումը բերելու է 2 բանի՝ կամ այս ապրանքը շուկայից դուրս է մնալու կամ որակն է էապես տուժելու։ Ամենեւին պատահական չէ, որ ինքն ցածր գնով է երկար տարիներ իրացվել։ Այսինքն շուկայում մենք ունեցել ենք ամենատարբեր գների լիմոնադներ ու այս ապրանքը երբ փորձ են արել թանկացնել, սպառման ծավալը նվազել է, դրա համար էլ շուկայում այդ մատչելի ապրանքը միշտ եղել է, հիմա եթե այս մատչելի ապրանքը կտրուկ թանկացման ենք տանում՝ հավատացեք 170 դրամի պարագայում 50 դրամը կտրուկ թանկացում է։ Կամ սա բերելու է որակի էական անկման, արտադրողները սրա մասին չեն խոսելու, բայց պետությունը պետք է այս ռիսկը գնահատի»։
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը շեշտում է՝ սպառողների մի խումբ կա, որ չի կարողանում 300 կամ 400 դրամանոց գազավորված ըմպելիք գնել. «Եթե ինչ–որ մեկին թվում է, թե քաղաքացին 300 կամ 400 դրամանոց գազավորված ըմպելիքի տեղը չգիտի, երբ գնում է 170 դրամանոցն է առնում, չարաչար սխալվում է, կա խումբ որ ուղղակի չի կարղանում 400 դրամը տա, գնում է 170 դրամանոցն է գնում»։
Նա ընդգծեց նաեւ չնայած հարկային այս բեռը սպառողն է վճարելու, սակայն արտադրողը հասկանում է, որ եթե որակը պահի, սպառման ծավալն է նվազեցնելու։
«Եթե պետությունը գնա շաքարի մասով առողջապահական ռեֆորմի, ես ինչ–որ տեղ կհասկանամ, բայց կասեմ՝ անում եք, կիսատ մի արեք, մենք շատ ավելի ռիսկային մթերնքեր ունենք։Պետությունը հստակ դիրքորոշում պետք է հայտնի՝ առողջապահական ռեֆորմ է անում, թե բյուջեի գումար է հավաքում»։
Հիշեցնենք, որ համաձայն շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ապա նշվել է, որ խոսքը բոլոր գազավորված ըմպելիքներին է վերաբերում։ Սա հարուցել է գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների վրդովմունքը։ Նրանք այժմ բողոքի ցույց են անում կառավարության դիմաց։











