Սպասվում է, որ Apple Inc-ը մարտի 25-ին Կուպերտինոյում ընկերության տարածքում՝ Սթիվ Ջոբսի անվան թատրոնում կներկայացնի իր հեռուստա եւ տեսածառայությունը, հաղորդում է Reuters-ը:
ԶԼՄ-ին ուղարկված հրավերում Apple-ը չի մանրամասնել միջոցառման բնույթը՝ գրելով միայն «Շոուն սկսվում է»:
Apple-ը վաղուց էր ակնկարկում, որ աշխատում է տեսածառայության ուղղությամբ՝ Հոլիվուդում 2 մլրդ դոլար ծախսելով սեփական կոնտենտի արտադրության վրա եւ գործարքներ ստորագրելով այնպիսի խոշոր աստղերի հետ, ինչպիսին է Օփրա Ուինֆրին:
Իրավիճակին ծանոթ աղբյուրները, ավելի վաղ հայտնել էին, որ ծառայությունը Apple-ի օրիգինալ կոնտենտը ներկայացնելուց բացի կարող է վերավաճառել կողմնակի կոնտենտի բաժանորդագրությունները, այդ թվում CBS Corp հեռուստառադիոցանցի՝ Viacom Inc-ի եւ Starz մեդիակոնգլոմերատի, որը մտնում է Lions Gate Entertainment Corp մեդիաընկերության կազմում:
Ակնկալվում է, որ հեռուստածառայությունը կգործարկվի ամբողջ աշխարհում՝ դառնալով Netflix Inc եւ Prime Video Amazon.com Inc նմանատիպ ծառայությունների մրցակիցը:
Apple App Store հավելվածների խանութը, որի միջոցով ծառայությունը հավանաբար, կտարածվի, այժմ հասանելի է ավելի քան 100 երկրներում:




























