Չինաստանը շահագրգռված է Իրանի կայունությամբ: «Իրանը եւ փոփոխվող աշխարհակարգը» քննարկման ժամանակ այս մասին ասաց «Չինաստան-Եվրասիա Քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի տնօրեն, արեւելագետ Մհեր Սահակյանը:
Նրա խոսքով՝ Չինաստանը զգալի դեր է խաղում Իրանի շուրջ իրավիճակում եւ դեմ է արտահայտվում միջուկային զենքի ստեղծմանը: Չնայած պաշտոնական Պեկինը կողմ էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջարկած պատժամիջոցներին՝ սակայն երբեք անձամբ պատժամիջոցներ չի կիրառել: Արեւելագետը անդրադարձավ Իրանի միջուկային հարցի պատմությանը եւ այս հարցում Իրանի տարբեր նախագահների դիրքորոշմանը:
Փաստացի, Իրանը, հետեւելով Հնդկաստանի օրինակին, փորձեց միջուկային զենք ստեղծել, հույս ունենալով, որ երբ փաստը իրականություն դառնա, միջազգային հանրությունը ստիպված կլինի հաշտվել դրա հետ: Սակայն դա տեղի չի ունեցավ:
Փորձագետն արձանագրեց, որ Չինաստանը հետաքրքված է Իրանով, առաջին հերթին՝ նրա էներգառեսուրսներով: Միեւնույն ժամանակ Իրանը կարեւոր հաղորդակցությունների կենտրոնում է, վերահսում է Ծոցը, որով Չինաստան են ուղեւորվում էներգառեսուրսները:
Իրանը կարեւոր շուկա է չինական արտադրանքի համար, եւ Չինաստանն Իրանին դիտարկում է որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի կարեւոր դերակատար:
Բայց անկախ նրանից, թե որքան կարեւոր են Իրանի հետ հարաբերությունները, Չինաստանի համար Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում, եւ եթե Չինաստանը ընտրության առջեւ կանգնած կլինի, որոշումը ակնհայտ կլինի:





























