Մենք պետք է հնարավորինս քիչ խոսենք այն սկզբունքների մասին, որոնք նույնիսկ համանախագահները ժամանակին համարեցին արխիվում գտնվող: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ տարբեր ժամանակ տարբեր առաջարկներ են եղել, որոնք ժամանակի ընթացքում մերժվել են կամ մասամբ են ընդունվել. «Օրինակ՝ փուլային տարբերակ կար, որն այսօր գոյություն չունի, որովհետեւ դա մերժվեց առնվազն Արցախի կողմից, հետագայում եղել են Մադրիդյան սկզբունքները, հետագայում Լավրովը հայտարարել էր, որ Մադրիդյան սկզբունքների մի մասն ընդունելի է բոլոր կողմերի համար, եւ մնաց մի փոքր մաս, հետո պարզվեց՝ այս փոքր մասն ավելի կարեւոր է, քան մնացած համաձայնեցված մասը: Այստեղից ծնվել են Կազանյան սկզբունքները, հետո մի պահ եղավ, որ Լավրովի առաջարկություններն ի հայտ եկան եւ այլն: Քանի որ այս բոլոր սկզբունքները ժամանակին մերժվել են այս կամ այն պատճառով, ինձ թվում է, որ մենք չպետք է փորձենք դիվանագիտական արխիվից, ես կասեի աղբարկղից վերցնել այդ մերժված փաստաթղթերը եւ փորձենք այլ ձեւով ներկայացնել»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր ունենք այլ իրավիճակ, այլ աշխարհայացք ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ աշխարհում:

«Ես գտնում եմ, որ  պետք է սկսենք նոր էջից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համանախագահներն են շեշտում, որ բանակցությունների  փուլը դադարեցվել էր, թեեւ ոչ հստակ, բայց անուղղակի նշված է, որ դա դադարեցվել է Ադրբեջանի պատճառով, որը փորձել է ռազմական ճանապարհով դա լուծել: Մենք այսօր ունենք այլ իրավիճակ, իհարկե կա անվստահության բավական խիստ մթնոլորտ, բայց այդ անվստահությունը գալիս է ոչ թե Արցախի Հանրապետության դիրքորոշումից կամ ՀՀ-ի իշխանության նոր դիրքորոշումից, այլ Ադրբեջանի վարվելակերպից»,-ասաց Իգիթյանը:

Իգիթյանն անդրադարձավ նաեւ ԼՂՀ-ՀՀ համատեղ Անվտանգության նիստի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին, ըստ որի, քանի որ նիստը տեղի է ունեցել Ստեփանակերտում, ապա Արցախը չպետք է որպես առանձին սուբյեկտ մասնակցի բանակցություններին. «Ես փորձել եմ բարեխղճորեն հասկանալ տրամաբանությունն այդ հայտարարության, բայց դա այնքան անհեթեթ ու անտրամաբանական էր, այն է, որ եթե ՀՀ-ն եւ Արցախի Հանրապետությունն անում են համատեղ  անվտանգության նիստ, նշանակում է, որ Արցախը չպետք է լինի բանակցությունների կողմ: Ես այստեղ տրամաբանություն չեմ տեսնում, հակառակը ես տեսնում եմ, որ քանի որ դա համատեղ նիստ է, հենց Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը ֆիքսեց, որ դա Ղարաբաղի եւ Հայաստանի համատեղ նիստն է, եւ հենց ինքն է շեշտում Ղարաբաղի սուբյեկտությունը, եւ ինձ թվում է՝ տրամաբանական կլիներ, որ այս հայտարարությունից հետո ինքն ասեր, որ քանի որ Հայաստանը եւ Արցախը համարում են, որ նրանք տարբեր երկրներ են եւ ունեն տարբեր անվտանգության խորհուրդներ եւ անում են համատեղ նիստ, նշանակում է, որ Արցախը կարող է լինել բանակցային սեղանի շուրջ»,-ընդգծեց Իգիթյանը: