Apple ընկերությունը ներկայացրել է իր Card-ը՝ ֆիրմային բանկային քարտ, որը ստացվում է Apple Pay հավելվածի միջոցով եւ թողարկվում է միանգամից երկու տարբերակով՝ վիրտուալ եւ տիտանից՝ հայտնում է Iguides-ը։

Apple Card-ը հաճախորդներին տրամադրում է պարզ բանկային ծառայություն, որի մեջ կա շուրջօրյա աջակցություն, քեշբեք՝ գործողությունների համար, բոլոր ծախսերի համար մանրամասն վիճակագրություն եւ օգտատերերի տվյալների հուսալի պաշտպանություն։

Apple-ի բանկային գործընկեր է դարձել ամերիկյան Goldman Sachs-ը, որպես վճարային համակարգ կծառայի MasterCard-ը։ Apple Card-ով բոլոր գնումների համար ընկերությունը կվերադարձնի իրական փողեր՝ 3 տոկոս Apple-ի ծառայություններում եւ խանութներում ցանկացած ծախսի համար, 2 տոկոս՝ ցանկացած այլ գնումների համար։ Որեւէ տոկոս եւ սահմանափակում չկա։

Apple-ը խոստանում է ծառայության բարձրագույն անվտանգություն։ 16 նիշանոց կոդին զուգահեռ յուրաքանչյուր գրանցված քարտ ստանում է հատուկ համար, առանց որի կոտրել այն հնարավոր չէ։

Ընկերությունում վստահեցրել են, որ Apple Card-ը կաշխատի աշխարհով մեկ, սակայն սկզբի համար անհրաժեշտ է բանկերի հետ համագործակցության պայմանագրեր կնքել։ Ներկայում ծառայությունը կգործի միայն ԱՄՆ-ում։