Alphabet Inc Google-ը ծրագրում է փոխըմբռնման հուշագիր ստորագրել կուբայական հեռահաղորդակցային մենաշնորհատեր ETECSA-ի հետ, որպեսզի ուսումնասիրի կղզում կապի բարելավման հնարավորությունները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Չնայած ԱՄՆ-ի եւ Կուբայի հարաբերությունները բարվոք չեն, երկու երկրները, հավանաբար, պատրաստ են ընդունել Կուբայում համացանցին հասանելիության ընդլայնման անհրաժեշտությունը:

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստացրել էր Կուբայի դեմ ԱՄՆ վաղեմի առեւտրային էմբարգոն, նա չի չեղարկել բացառությունները, որոնք սահմանվել էին իր նախորդի՝ Բարաք Օբամայի կողմից, եւ որոնք ամերիկյան հեռահաղորդակցային ընկերություններին թույլ են տալիս Կուբային ծառայություններ մատուցել, ինչպես, օրինակ, օպտիկական-մանրաթելային մալուխի անցկացումը:

Google տեխնիկական հսկան Կուբայում իր բիզնեսն ընդլայնելու ուղղությամբ է աշխատում երկար տարիներ:

Կանխիկ միջոցների անբավարարության, ԱՄՆ էմբարգոյի կամ տեղեկությունների արտահոսքի մտավախությունների պատճառով մինչեւ 2013 թվականը Կուբայում համացանցը հանրությանը հասանելի էր միայն տուրիստական հյուրանոցներում: Սակայն այդ ժամանակից ի վեր կառավարությունը կապի զարգացումը դարձրել է առաջնահերթ խնդիր, հայտնվել են համացանց-սրճարաններ եւ Wi-Fi-ի բացօթյա հասանելիության կետեր, աստիճանաբար սկսել են համացանցին միացնել բնակարանները, իսկ անցյալ տարվա դեկտեմբերից հայտնվել է բջջային համացանցային կապ:

Google-ն արդեն օգտվել է ԱՄՆ-ի եւ Կուբայի հարաբերություններում Օբամայի ժամանակաշրջանի ջերմացումից, որպեսզի Հավանայում ստեղծի ոչ մեծ փորձնական ցուցադրական կենտրոն, եւ 2016 թվականին համաձայնագիր է ստորագրել, որը համացանցի օգտատերերին տրամադրում է իր բրենդային կոնտենտին ավելի արագ հասանելիություն: