Ամփոփելով այս տարվա առաջին երեք ամիսների մեր գործունեությունը, մենք եկանք այն եզրակացության, որ 2019 թ. բյուջեի եկամտային մասը կգերակատարվի 40 մլրդ դրամով, այսինքն, մոտ 90 մլն դոլարով: Մարտի 27-ին Ազգային ժողովում, ներկայացնելով  կառավարության 2018 թ. գործունեության մասին զեկույցն, այս մասին ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա կարծիքով դա նշանակում է, որ Կառավարությունը կգերակատարի  2019-ի պետբյուջեի եկամուտների մասով ծրագիրը, որն ավելի վաղ հաստատվել էր Ազգային ժողովի կողմից:

«Ուզում եմ ընդգծել, որ վերջին 9 տարում սա աննախադեպ երեւույթ է, որովհետեւ  նախկինում մենք բավական երկար ժամանակ չենք ունեցել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները կգերակատարվեն, այն էլ այսպիսի հսկայական ծավալներով», - հավելեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այդ ֆինանսական միջոցների շնորհիվ 2019-ի հուլիսի 1-ից նրանք մտադիր են 10 տոկոսվ բարձրացնել զինծառայողների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1-ից նույն չափով բարձրացնել հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը: Խոսքը, ինչպես ընդգծեց Փաշինյանը, մոտ 38 հազար ուսուցիչների մասին է (նրանց թիվն այժմ երկրում 10 հազարով ավելի է, այսինքն բարձրացումն իրականում կարող է կրճատումների արդյունք լինել-խմբ.):