Ռումինիայում ինժեներները գերձայնային «թռչող ափսե» են ստեղծում, որն ընդունակ է ուղղահայաց թռիչք եւ վայրէջք կատարել:

New Atlas հրատարակության տվյալներով, էնտուզիաստները արդեն պատրաստել են իրենց փորձնական սարքի թռչող նախատիպը, հաղորդում է Planet-today-ը:

Նախագիծը, որին մասնակցում է ինժեներ Ռազվան Սաբին եւ Օդատիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակից Իոսիֆ Տապոսուն, կոչվում է ADIFO (All DIrections Flying Object):

Սկավառականման թռչող սարքերի նախատիպերը մշակվել են դեռեւս քսաներորդ դարի սկզբում, բայց այդպես էլ հայտնի չէին դարձել:

Սկավառականման սավառնակն առավելություններ ունի (օրինակ՝ համեմատաբար լավ աերոդինամիկ հատկանիշներ), սակայն ափսեի տեսքով թռչող սարքերն ընդհանուր առմամբ այդքան էլ հարմար չեն շահագործման համար: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչու մենք չենք ճանապարհորդում ՉԹՕ-նման տրանսպորտով:

Ռումինական ADIFO թռչող սարքի նախատիպը գործարկվում է պրոպելլերներով մի քանի էլեկտրական շարժիչներով, սակայն սերիական օրինակը, որը պետք է ձայնից արագ թռչի, ռեակտիվ շարժիչներ կունենա: