Չինական Huawei ընկերության տեխնոլոգիաների օգտագործման վտանգի մասին Եվրոպական միությանը համոզելու գործում ԱՄՆ-ը առաջընթացի է հասել եւ կշարունակի պնդել դա։ Այս մասին, ելույթ ունենալով Կոնգրեսում, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հայտնում է Reuters-ը։

Պոմպեոն հուսով է, որ եվրոպացիները Huawei-ի սարքավորումների օգտագործման հարցում կհետեւեն ԱՄՆ-ի օրինակին։ «Ես կարծում եմ, որ մենք առաջընթացի ենք հասել, մենք կշարունակենք պնդել»,- ասել է նա։ «Երբ դուք ունեք հեռուստահաղորդակցություններ, որոնք սերտորեն կապված են Չինաստանի պետական հաստատությունների հետ, մենք վտանգների մեղմացման հնարավորություն չենք տեսնում»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը չի համագործակցի եւ տեղեկատվություն չի փոխանակի այն երկրների հետ, որոնք 5G ցանցերի ստեղծման համար օգտագործում են Huawei Technologies Co Ltd-ի սարքավորումները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Huawei-ին մեղադրում է Չինաստանի կառավարության համար լրտեսության մեջ։ Ընկերությունը բոլոր մեղադրանքները հերքում է եւ հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ։

Կապի խոշոր օպերատորները հանդես են գալիս Huawei-ի արգելման դեմ՝ հայտարարելով, որ այդ քայլը կարող է տարիներով հետաձգել 5G ցանցերի ստեղծումը։