Իրանի եւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը բխում է մեր երկրի շահերից: Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում կառավարության 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման շրջանակում, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին:

Վարչապետի խոսքով, տեղական արտադրության ապրանքները չեն զիջի ցածր մաքսատուրքերով ներմուծվող ապրանքներին, եթե արտադրողները, այդ թվում գյուղատնտեսական արտադրողները, իսկապես իրենց աշխատանքը լավ  կատարեն:

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի խորհրդարանը վավերացրել էր Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Համաձայնագրով՝ մի շարք ապրանքների արտահանման համար մաքսատուրքերը կնվազեն: Կնվազեն նաեւ Իրանից Հայաստան արտահանման որոշ մաքսատուրքեր: