Սլովակիայի բջջային հավելվածներ մշակող Touch4IT ընկերությունը ստեղծել է Checkbot չաթ-բոթը, որը Facebook-ի օգտատերերին օգնում է ճանաչել ֆեյք լուրերը եւ նրանց սովորեցնում է ապատեղեկատվությունն իսկականից ինքնուրույն տարբերակել, փոխանցում է «Եվրապուլսը»: 

Չաթ-բոթը ստուգում է, թե կայքն արդյոք չի՞ մտնում սլովակյան այն կայքերի «սեւ ցուցակի» մեջ, որոնք ֆեյք տեղեկատվություն են տարածում, այնուհետեւ վերլուծում է լուրի տեքստում օգտագործված բառապաշարը եւ պատկերները:

Ընդ որում՝ Checkbot-ը օգտատերերին մոտիվացնում է ինքնուրույն գնահատելու, թե որքանով է կարելի վստահել կոնկրետ լուրին: Այն տալիս է հուշող հարցեր. օրինակ՝ ո՞վ է այդ նյութի հեղինակը, դրանում նշվա՞ծ են արդյոք տեղեկատվության անկախ աղբյուրներ (եթե այո, ապա քանի), հաղորդագրությունն արդյոք չի՞ տարածում ռասիզմի եւ ատելության գաղափարներ:

Ստեղծողները նշել են, որ չաթ-բոթը պարզ է կառուցված, ուստի դրա հետ կարող են հեշտ փոխգործակցել անգամ տարեցները, որոնք առավել հաճախ են դառնում ֆեյք լուրերի զոհը: