Նախկին ցանկացած իշխանության առաջնահերթ խնդիրն էր մնալը եւ իշխանությունը չկորցնելը: Եվ նրանց բոլոր գործողությունների տրամաբանությունը հենց սրա մեջ էր: Այս մասին մարտի 28-ին ԱԺ-ում Կառավարության 2018 թվականի գործունեության հաշվետվության քննարկման շրջանակում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի կարծիքով՝ հենց այս պատճառով են Հայաստանում ընտրությունների արդյունքները կեղծվել, հայտնվել են քաղբանտարկյալներ, ծաղկել է կոռուպցիան, հետապնդումներ են կատարվել եւ շատ այլ բաներ: «Ես հույս ունեմ, որ հայ հանրությունը եւ ժողովուրդը գիտեն, որ իշխանության պահպանումը մեր օրակարգում, իմ օրակարգում ոչ միայն առանջնահերթ կետ չէ, այլեւ ընդհանրապես նման հարց դրված չէ»,- հավաստեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նախկին իշխանություններին թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը. «Ինչի՞ են քաղաքական հետապնդումներ եղել, ինչո՞ւ են խրձերով լրատվամիջոցներ առել և վաճառել, որովհետև թիվ մեկ խնդիրը եղել է իշխանություն պահելը: Ես ուզում եմ հիմա ձեզ ասել՝ հույս ունեմ, որ Հայաստանի հանրությունն ու ժողովուրդը գիտեն. մեր օրակարգում, իմ օրակարգում ընդհանրապես իշխանություն պահելը ոչ միայն առաջին կետը չի, այլև ընդհանրապես իմ օրակարգում այդպիսի հարց գոյություն չունի: Սա ինչի համար եմ ասում, որ այն հին դիսկուրսը, որ էս մեկն էն մեկի ոտքի տակը քանդի, էն մեկը էն մեկի ոտքի տակը քանդի: Նույնիսկ եթե այդպիսի դրսևորումներ լինեն, ինչ-որ մեկը դրա գայթակղությունն ունենա՝ այդ հարցն իմ օրակարգում չի եղել, չի լինելու: Եթե հանկարծ որևէ պահի այդ հարցն իմ օրակարգում հայտնվի ես կհամարեմ, որ այն ճանապարհը որ անցել եմ՝ իզուր եմ անցել:
Հետևաբար, սա հնարավորություն է բոլորիս համար, որ մենք այն ջանքը, այն էներգիան, որ այն որ մենք կարող ենք գործադրել երկրում որակական, խորքային և համակարգային փոփոխություններ անելու, մենք այս ժամանակաշրջանն իսկապես օգտագործենք դրա համար: Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ չեն կեղծվելու այլևս, Հայաստանի Հանրապետության կառավարության օրակագում իշխանություն պահելու հարց գոյություն չունի այլևս, իմ օրակարգում այդպիսի խնդիր չի լինելու երբեք: Եվ, հետևաբար, այս նոր տրամաբանությունը դիսկուրսի և քննարկման նոր որակ և մակարդակ է պահանջում, որովհետև մեզ այստեղ բերել է ժողովուրդը, և մեզ այստեղից կարող է հեռացնել ժողովուրդը: Եվ դա չի լինի ցնցում: Բայց սա չի նշանակում նաև, հակառակ մեկնաբանությունն էլ չլինի, թե մենք որևէ կերպով կհրաժարվենք այդ ծառայությունը մինչև վերջ և անմնացորդ անելուց: Սա չի նշանակում, որ մենք կկասկածենք որևէ ապօրինությանն ամենակոշտ և ամենավճռական ձևով հակադարձել: Ես նկատի ունեմ, որ այդ կուլտուրան էլ պետք է Հայաստանում փոխվի: Վարչապետ ընտրվելուց հետո առաջին օրերից մի քանի անգամ դրան անդրադարձել եմ. Հայաստանում կա այդ բանը՝ շատ հակվածություն կա քաղաքավարությունը ընկալել որպես թուլություն: Ես բանտով անցած մարդ եմ և հույս ունեմ որևէ մեկն իր հոտառությունը չի կորցնի, հակառակ դեպքում ստիպված կլինենք արագ վերականգնել: Բայց, դարձյալ ասում եմ, սա մեզ բոլորիս համար նոր հնարավորություն է բացում և համագործակցության նոր որակ ստեղծելու նոր հնարավորություն:
Այսօր շատ ազդակներ են գալիս, օրինակ մամուլի հետ կապված խնդիրը: Մամուլում ի՞նչ է կատարվում, և ի՞նչ էր կատարվում: Ինձ համար ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ի՞նչ են անում և ինչի՞ համար են անում: Ես եկա համոզման, որ այդ ամեն ինչը մի հատ մեծ պրովոկացիա է, որպեսզի կառավարությանը ստիպեն ռեպրեսիաների գնալ մամուլի նկատմամբ: Դա արվում էր միայն այդ նպատակով, որ կառավարությանը շեղեն ժողովրդավարության, օրինականության ուղուց: Բայց ասել եմ և ասում եմ՝ բացառվում է, ինչ ուզում է անեն: Այո՛, մենք կսրտնեղենք, կբողոքենք, մեր տեսակետը կասենք, բայց մամուլի, խոսքի ազատության, ընդհանրապես ժողովրդավարական որևէ արժեքի դեմ մենք որևէ քայլ չենք անի, որևէ մեկը չի կարող մեզ մղել այդպիսի գործողության: Ես հույս ունեմ, որ դրա անիմաստությունը նույնպես հասկացել են»,– ասաց Փաշինյանը:











