Գնաճի զսպման նպատակով ԱԺ ներկայացվելիք կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հակաշուկայական է, պոպուլիստական եւ կարճաժամկետ նպատակներ է լուծելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Մովսես Արիստակեսյանը: Նա նշեց, որ եթե կառավարությունը ցանկանում է գնաճի դեմ պայքարել, ապա դա պետք է ներառի տնտեսական մրցակցության պաշտպնության պետական հանձնաժողովի գործառույթներում:
«Ավելին, այդ հանձնաժողովը պետք է վերափոխվի եւ այն դարձնի մենաշնորհների դեմ պայքարի հանձնաժողով, որը կհսկի անբարեխիղճ մրցակցությունը շուկայում` սկսած մաքսային սահմանից, մինչեւ վերջին սպառողը»,-նկատեց Արիստակեսյանը: Նրա խոսքով`գնաճի դեմ պայքարում կառավարությունը պետք է ուժեղացնի մաքսային կետերում վերահսկողությունը հատկապես օլիգարխների նկատմամբ եւ պետք է արգելի մաքսանենգ ապրանքների ներմուծումը:
«Ավելացված արժեքի հարկը պետք է գանձվի ոչ թե սահմանին, այլ` շրջանառության մեջ: Դա թույլ կտա բոլոր մեծածախ ներկրող օլիգարխներին ներկայացնել հաշվետվություն իրենց շրջանառության վերաբերյալ եւ իրական գներ ցույց տալ: Թե չէ` ապրանքը մաքսային սահմանից մինչեւ հասնում է սպառողին, երկուսուկես անգամ թանկանում է, այն դեպքում, երբ որոշ տնտեսվարողների թույլ են տալիս հայտարարագրել ավելի ցածր ինվոյսային գին, իսկ փոքր ու միջին բիզներից պահանջում են ավելի բարձր գին»,-նկատեց տնտեսագետը: Նա նաեւ ընդգծեց, որ գնաճի զսպման նպատակով վերահսկողություն պետք է իրականացնել առաջին հերթին ներմուծողների դեմ:
Անդրադառնալով օրինագծի այն ձեւակերպմանը, թե` եթե առաջին անհրաժեշտության որեւէ ապրանքի գծով, եթե մեկ ամսվա ընթացքում 30 տոկոսի աճ է գրանցվում, ապա կառավարությանը տրվում է լիազորություն 90 օրվա ընթացքում ինքնուրույն սահմանել այդ ապրանքի գինը, Արիստակեսյանը նշեց. «Սա նոնսենս է, քանի որ 90 օր ժողովուրդը պետք է թանկացած գնով ապրանք գնի: Այդ գինն արդեն 90 օրվա ընթացքում կայունացած գին է լինելու եւ գործարար սովորույթ է դառնալու: Այդ պարագայում կառավարությունն ի՞նչ գին է սահմանելու:
Դիցուք, ալյուրը 90 օր շարունակ վաճառվելու է կիլոգրամը 300 դրամով, դա նշանակում է, որ սպառողը ալյուրը պետք է թանկ գնով ձեռք բերի, իսկ 90 օրվա ընթացքում ներկա եւ նախկին գնի տարբերությունը ումի՞ց պետք է գանձվի: Մեխանիզմ գոյություն չունի»,-նկատեց NEWS.am-ի զրույցակիցը:





























