Չինական Huawei Technologies ընկերությունը կոչ է արել Վաշինգտոնին հրաժարվել «անհաջողակի դիրքորոշումից» եւ հերթական անգամ հերքել է ԱՄՆ մեղադրանքները, թե իր սարքավորումը կարող է օգտագործվել Պեկինի կողմից լրտեսության համար, տեղեկացնում է Reuters-ը։
«ԱՄՆ կառավարությունը անհաջողակի դիրքորոշում է որդեգրել։ Նա ցանկանում է սեւացնել Huawei-ին, որովհետեւ չի կարող մրցակցել Huawei-ի հետ»,- ասել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գո Պինը։ «Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ը կկարողանա փոխել իր վերաբերմունքը»,- ասել է Գոն մամուլի համար ճեպազրույցում, որին մասնակցել է ավելի քան 100 լրագրող ամբողջ աշխարհից։
Անցած տարի Huawei-ի հեռանկարները սպառնալիքի տակ էին։ Միացյալ Նահանգները մտահոգություն էր հայտնել, որ ընկերության սարքավորումը կարող է օգտագործվել լրտեսության համար։ Վաշինգտոնը նաեւ իր դաշնակիցներին կոչ էր արել արգելել օգտագործել Huawei-ի տեխնոլոգիաները նոր սերնդի 5G բջջային ցանցերի համար։ Վերջին հարվածն ընկերությանը հասցվեց նախօրեին, երբ Բրիտանիան կշտամբեց նրան այն բանում, որ չի շտկել թերություններն իր բջջային ցանցային սարքավորման մեջ, եւ նոր «տեխնիկական խնդիրներ» գտավ։ 2018-ին Huawei Technologies-ը տեղեկացրել էր 59,3 մլրդ յուան (9 մլրդ դոլար) զուտ շահույթի մասին, ինչը 25 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ։ Նրա օպերատորական բիզնեսի եկամուտները նվազեցին 1,3 տոկոսով՝ մինչեւ 294 մլրդ յուան։ Այնուամենայնիվ, սպառողական բիզնեսի վաճառքի աճը հասավ ռեկորդային՝ 348,9 մլրդ յուանի՝ պայմանավորված P եւ Mate սմարթֆոնների պահանջարկով, եւ առաջին անգամ համաշխարհային եկամուտը հասավ ավելի քան 100 մլրդ դոլարի։ Ընկերության ընդհանուր հասույթն աճեց գրեթե 20 տոկոսով եւ կազմեց 721 մլրդ յուան, ինչը երկու տարվա մեջ ամենաարագ աճի տեմպն է։




























