Ավստրիական T-Mobile ընկերությունը՝ Deutsche Telekom գերմանական կոնցեռնի դուստր ձեռնարկությունը, Եվրոպայում առաջինը գործարկել է 5G 5-րդ սերնդի կապի կոմերցիոն օգտագործումը: Այս բջջային օպերատորի ներկայացուցիչների խոսքով, կապի նոր ձեւաչափի բացառիկ օգտատերեր են դարձել ընկերության 200 բաժանորդները՝ հիմնականում Ավստրիայի գյուղական տեղանքներից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«T-Mobile-ը դարձել է Եվրոպայի առաջին հեռահաղորդակցային ընկերությունը, որը սկսել է 5G կապի կոմերցիոն օգտագործումը», - ասել է կապի օպերատորի տնօրեն Անդրեաս Բիրվիտը: Ներկայումս 5-րդ սերնդի կապն ընդգրկել է գյուղական տեղանքի 17 համայնք եւ օգտատերերը հնարավորություն են ստացել համացանցում աշխատել ավելի քան 10մբ/վ արագությամբ:
Ավստրիայի իշխանությունների ծրագրի համաձայն, Ավստրիայում բոլոր ինտերնետ օգտագործողները 5G կապից կկարողանան օգտվել մինչեւ 2025 թվականը:
Մարտի սկզբին Ավստրիան աճուրդում խաղարկել էր 5G բջջային կապի հինգերորդ սերնդի առաջին հաճախականությունները, դառնալով առաջինը Եվրոպայում նոր հեռահաղորդակցության ստանդարտի ներդրման ոլորտում: Ավստրիայի ռադիոհեռարձակումը եւ հեռահաղորդակցումը կարգավորող մարմինը հաղորդել է, որ հաճախականության գնորդներ են դարձել Ավստրիայի խոշոր բջջային օպերատորները՝ A1 Telekom Austria-ն, T-Mobile-ը եւ Drei-ն, ինչպես նաեւ չորս տարածաշրջանային ինտերնետային ընկերությունները: 5G հաճախականության վաճառքը Ավստրիայի կարգավորիչին բերել է 188 մլն եվրո:
Հինգերորդ սերնդի ցանցը բնութագրվում է հիմնականում նրանով, որ թույլ է տալիս ինտերնետի արագությունը գրեթե 10 անգամ մեծացնել:
Նոր ստանդարտի միջոցով միլիարդավոր սարքեր կկարողանան այսպես կոչված կոլեկտիվ հաղորդակցման հնարավորություն ստանալ, այսինքն, 5G-ն մեկ ցանցում կմիավորի ինքնակառավարվող մեքենաները, բնակարանային եւ կոմունալ տնտեսությունների սարքերը եւ այլ գաջեթներ: 4G ստանդարտը այլեւս հարմար չէ նման լուծումների համար:




























