Ադրբեջանը չի հրաժարվել 2016-ի ապրիլի կրկնության գաղափարից: Ապրիլի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Միջազգային անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա կարծիքով 3 տավա վաղեմության իրադարձությունները անսպասելի չէին:

«Սա այսպես կոչված Լավրովի ծրագրի դինամիկ մասն է: Գաղափարը չի իրականացվել մեր զինվորների անօրինակ հերոսության շնորհիվ:  Քաղաքական իմաստով պետք է հասկանալ՝ առանց Ռուսաստանի լուռ համաձայնության Ադրբեջանը չէր գնա այդ քայլին», -վստահ է Մեհրաբյանը: Սակայն նա խոստովանեց, որ հենց Ռուսաստանն է գործուն քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունների դադարեցման համար՝ ապրիլի 4-ին Մոսկվա հրավիրելով ՀՀ եւ Ադրբեջանի շտաբերի պետերին:

Ըստ Մեհրաբյանի՝ ներկայում բանակցային գործընթացը «վերադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, իսկ  Ռուսաստանը քայլեր չի ձեռնարկում գործընթացի մենաշնորհի համար»: Միեւնույն ժամանակ, Մեհրաբյանը կտրականապես հերքեց Արեւմուտքի, մասնավորապես Միացյալ Նահանգների կողմից  գործընթացի վրա ճնշում գործադրելու փորձերի մասին միտքը:

 

Ըստ Մեհրաբյանի՝ այժմ Հայաստանի դիրքորոշումը մի փոքր այլ է հնարավոր ապագա պատերազմի հարցի առնչությամբ, ինչի մասին վկայում է ԱՄՆ-ում այցի ժամանակ  պաշտպանության նախարարի  արված հայտարարությունը: «Այո, Ադրբեջանը պատրաստվելու է պատերազմի: Առաջին հերթին ներքին պատճառներով: Բռնապետերը ներմուծում են քաոս՝ ներսում քաոսից խուսափելու համար: Ալիեւի վարչակարգը բացառություն չէ: Հայկական կողմը նույնպես ձեռքերը ծալած չի նստում», - վստահեցրեց Մեհրաբյանը: