Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից չպետք է սպասել որեւէ նշանակալի արդյունք: Այս մասին ապրիլի 1-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ կարեւոր է, որ սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն էր: «Կարեւոր էր նաեւ, որ մենք վերջին ամիսներին նոր մոտեցումների մասին էինք բարձրաձայնում, եւ հենց այս ենթատեքստում է հանդիպումը տեղի ունեցել»,- հավելեց Ռուբինյանը:

Ընդ որում՝ նա հավաստիացրեց, որ կողմերը նոր փասդտաթղթեր չեն մշակում, ինչը «միանգամայն տրամաբանական է, քանի որ այս փուլում բանակցային գործընթացի բուն էության մեջ ոչ մի կոնկրետություն չկա»: Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ կողմերը խոսում են միայն բանակցությունների մասին եւ փորձում են որոշել այս հարցում մեկը մյուսի դիրքորոշումը: