ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում այնքան խնդիրներ են կուտակվել, որ 1 կամ 2 հանդիպումը բավարար չէ, տասնյակ հանդիպումներ պետք է լինեն, որպեսզի լուրջ առաջընթաց գրանցվի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ խոսելով Փաշինյան–Ալիեւ հանդիպման մասին։

«Փաշինյան–Ալիեւ հանդիպումը խաղաղության գործընթացի մի մասն է։ Այնքան խնդիրներ են կուտակվել, որ 1 կամ 2 հանդիպումը բավարար չէ, տասնյակ հանդիպումներ պետք է լինեն, որպեսզի լուրջ առաջընթաց գրանցվի։ Այս հանդիպումներին չպետք է նայել որպես zero sum game, բայց նաեւ չպետք է հսկայական առաջընթաց սպասել, քանի որ նման առաջընթացը տարիներ կպահանջի»,–նշեց նա։

Պատգամավորը կարեւորեց այս հանդիպումը՝ շեշտելով՝ «երկխոսությունը վերսկսվեց ամենաբարձր մակարդակով»։

Արցախի վերադարձի մասով Զոլյանը կրկնեց այն, ինչ արդեն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերից հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, որ ՀՀ վարչապետը չի ներկայացնում Արցախին, ուստի Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ 

Քաղաքագետ Արման Նավասարդյանն իր հերթին նկատեց դիվանագիոտթյան մեջ ասել հաղթել կամ պարտվել, լավ տոն չէ։. «30 տարի շարունակ ասել ենք՝ մենք հաղթեցինք, բայց պարզվում է չենք հաղթել, պետք է ասեինք՝ չենք պարտվել։ Դիվանագիտության մեջ ասել չենք պարտվել, արդեն հաղթության նշան է»։

Քաղաքագետը կարծում է, որ դժվար կլինի Արցախին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, ավելին՝ դրա համար ժամանակ կպահանջվի. «Բավականին դժվար է վերադառնալ այն մեկնակետին, երբ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ էր նստում։ Հարցը ճիշտ է բարձրացված, սակայն ժամանակ կարոտ է։ Երբ երրորդ կողմից համար 2-ն են բանակցում, շատ տխուր հետեւանքներ է ունենում»։ 

Քաղաքագետը հայկական կողմից սայթաքումներից է համարում մադրիդյան  սկզբունքների ընդունումը. «1998 թվականի մեր սայթաքումից հետո մադրիդյան սկզբունքների ընդունումը մեր մեկ այլ սայթաքումն էր, որը գուցե այն ժամանակ պետք էր ընդունել։ Բայց դրանից ոչ թե պետք է հեռանալ, այլ մտցնել կորեկցիաներ»։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պնդեց, որ մադրիդյան սկզբունքները այն լեզուն է, որով միջազգային հանրությունը պատրաստ է խոսել կարգավորման գործընթացում։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարց, որ հաղթողներ եւ պարտվողներ չեն եղել, իր հերթին Իլհամ Ալիեւը նշել էր, որ բանակցային ձեւաչափը չի փոխվի։