Չինաստանում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների արագ զարգացումն այս ոլորտում որակավորված մասնագետների պահանջարկ է առաջացնում: Այս նպատակով Չինաստանի իշխանությունները որոշել են երկրի ավելի քան 35 բուհերում «արհեստական ինտելեկտ» մասնագիտությամբ համալսարանական պատրաստման ծրագիր սկսել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Չինաստանի ԿԳՆ հայտարարության համաձայն՝ նոր մասնագիտությունը բացած ուսումնական հաստատությունների թվում են Պեկինի գիտատեխնիկական համալսարանը, Պեկինի տրանսպորտի համալսարանը, Շանհայում Տունցզի համալսարանը եւ երկրի արեւելքում գտնվող Չժեցզյանի համալսարանը:
Չինաստանի ինտերնետային համայնքի փոխնախագահ Խուան Չենցինը նշել է, որ «արհեստական ինտելեկտի ոլորտում կրթությունը թույլ է տալիս արհեստական ինտելեկտի ոլորտի գիտելիքները միավորել այնպիսի գիտությունների հետ, ինչպիսիք են մաթեմատիկան, ֆիզիկան, կենսաբանությունը, վիճակագրությունը եւ սոցիոլոգիան»: 2018 թ. Չինաստանի իշխանությունները նաեւ դպրոցներում սկսել էին արհեստական ինտելեկտի վերապատրաստման փորձնական ծրագիր:
Վերջին տարիներին Չինաստանը հատուկ ջանքեր է գործադրում արհեստական ինտելեկտի զարգացման ոլորտում: Երկրի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ արհեստական ինտելեկտը տեխնոլոգիական հեղափոխության եւ փոխակերման նոր շարժիչ ուժ է:
«Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը նոր սերնդի համար արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, որպեսզի խթանենք երկրի որակյալ տնտեսական աճը», - ասել է Չինաստանի ղեկավարը:




























