«Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության փակ նիստը նվիրված էր իր պատգամավորների մի մասի վերջերս Ղարաբաղ կատարած այցին: Այս մասին ապրիլի 1-ին ԱԺ-ում «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Ընդ որում՝ նա հիշեցրեց, որ խմբակցության անդամները խորհրդարանի պատերի ներքո պարբերաբար տարբեր կարգի հանդիպումներ են անցկացնում: «Իսկ այս դեպքում մենք, որպես պատվիրակություն, մեր գործընկերներին տեղեկացրել ենք այն մասին, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել, ներկայացրել ենք Ստեփանակերտում հանդիպումների մանրամասները»,- պարզաբանեց Մակունցը
Խմբակցության ղեկավարը շեշտեց, որ չափազանց կարեւոր էր, որ իրենք հենց մարտի 29-ին այցելեն Ղարաբաղ, երբ ընթանում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: «Ես ուրախ եմ, որ մեր այցը Ղարաբաղ համընկավ հենց Փաշինյանի ու Ալիեւի հանդիպման օրվա հետ: Մեր այցը նախատեսում էր հանդիպում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակի, խորհրդարանական մշտական հանձնաժողովների անդամների, ինչպես նաեւ Ղարաբաղի նախագահի հետ»,- նշեց պատգամավորը:
Լիլիթ Մակունցի հավաստիացմամբ՝ իրենց հաջողվել է համաձայնության գալ մի շարք հարցերում, մասնավորապես՝ երկու խորհրդարանների խորհրդարանական մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների հետագա աշխատանքի շուրջ:





























