Նիկոլ Փաշինյանը այսօր երկրոդ անգամ ստիպված եղավ խոսել Ալիեւի հետ հանդիպումից, Բաքվից հնչած մեկնաբանություններն էին ստիպել․ քանի որ բանակցային ֆորմատը չէր փոխվել, այնտեղ եզրակացրել էին, որ հանդիպումն իրենց օգտին է անցել։ Սա հակասում էր Փաշինյանի ավելի վաղ տված գնահատականին, թե հաղթող ու պարտվող չի եղել։ Փաշինյանը հայտարարեց ՝ Վիեննա գնացել էր Ստեփանակերտի օրակարգով։ Մադրիդյան սկզբունքները պարզաբանելու, այսինքն՝ ընկալումները ճշտելու վերաբերյալ եւս խոսել են Վիեննայում։ Հաջորդը քննարկվել է խաղաղության նախապատրաստվելու հարցը, եւ ըստ Փաշինյանի՝ այդ են վկայում հումանիտար համագործակցության պայմանավորվածությունները։
Ալիեւի հետ հանդիպման արդյուքները Փաշինյանը այսօր տեղեկացրել է նաեւ Ռուսաստանի նախագահին։ Զրույցը եղել է հեռախոսով, քննարկել են նաեւ ընդհանուր օրակարգի այլ հարցեր։
Կոստանտին Օրբելյանին նորից տնօրեն տեսնելու, իսկ նրան հեռացրած տիկնոջը բարձր պաշտոնում չտեսնելու պահանջով կառավարության շենքի առաջ էին Օպերայի արտիստները եւ արվեստագետներ։
Վարչապետ Փաշինյանը ընդունեց արտիստներին, հայտարարեց, որ այս խնդիրը չի կարող լուծվել անձնական համակրանքների տիրույթում։
Արդեն խորհրդարանում Մակունցը լրագրողներին խնդրում էր թույլ տալ չմեկնաբանել իր հաջորդի՝ Նազենի Ղարբյանի որոշումը։ Այնուամենայնիվ նախկին նախարարը պատմեց, թե ինչ է խոսել Օրբելյանի հետ, որ մեկնաբանվել էր որպես միջամտություն։
Այս թեման նաեւ ճեպազրույցներում հիշվեց։ Էդմոն Մարուքյանը մաեստորյի եւ տիկնոջ միջեւ ծագած խնդիրը բացատրեց կառավարությունում եղած քաոսով, կուլիսներում տագնապ է, որեւէ մեկը չգիտի ում ինչ է սպասվում, ավելի պարզ՝ ըստ Մարուքյանի՝ շունը տիրոջը չի ճանաչում։
Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տվողը հայտնի է արդեն պաշտոնապես։ Երեկ մամուլը, իր աղբյուրներին հղում անելով, գրել էր, որ Հայաստանի գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը 3 հազար դոլար է փոխանցել փոխնախարարին նրա կաբինետում։ Եվ սա ատկատի կանոնով, բուժհիմնարկին տրամադրվող պետպատվերի 10 տոկոսը վերադարձվել է փոխնախարարին։ ԱԱԾ-ն այսօր առանց անուն տալու հաստատեց, որ բուժհիմնարկի տնօրենը կաշառել է փոխանախարարին՝ հիմնարկի ֆինանսավորման պակասը լրացնելու համար ։
Գավառի հիվանդանոցում ներարկումից 10 րոպե հետո 27-ամյա հղի կին է մահացել։ Հասմիկ Հարությունյանը 5-6 շաբաթական հղի է եղել, և նախ տանը հղիությունն ընդհատելու համար դեղորայք է օգտագործել։ Այնուհետեւ դիմել է բժշկի եւ իր ոտքով գնացել հիվանդանոց։ Միջամտությունից առաջ բուժքույրը լիդոկային է ներարկել, ինչից հետո կինը ընկել է սուր ալերգիկ շոկի մեջ և րոպեներ անց մահացել։ Հասմիկ Հարությունյանն ուներ 2 տղա, մեկը՝ 5 տարեկան, մյուսը՝ 9 ամսական։ Նշանակված է դատավաժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։
Արշալույս գյուղում դեռ պահանջում են գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը հրաժարականը, այսօր այդ պահանջով գյուղացիները փակել էին Արմավիր-Երեւան ճանապարհը, նրանք նաեւ բողոքում էին գյուղապետի պաշտոնակատարի դեմ, չեն ուզում այդ աթոռին Զարզանդի թիմից մեկը լինի՝ թեկուզ ժամանակավոր, եւ պահանջում են արտահերթ ընտրություններ։ Արմավիրի մարզպետը եկել բանակցել է նրանց հետ, հիշեցրել, որ գյուղապետի դեմ քրեական գործեր են հարուցված, գյուղացիները ի վերջո բացել են ճանապարհը։ https://news.am/arm/news/504495.html
Թուրքիայում երեկ ընտրում էին քաղաքապետեր, համայնքների եւ շրջանների ղեկավարներ։ էրդողանը այսօր հայտարարել է հաղթանակի մասին, իշխող դաշինքը հաղթել է 778 տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում՝ 16 խոշոր քաղաքներում, սակայն զիջել են նաեւ կարեւոր լծակներ։ Էրդողանը կորցրել է Անկարան, այստեղ 25 տարի անց հաղթել է ընդդիմադիր թեկնածուն։ Ստամբուլում եւս հավանական է ոչ իշխանական թեկնածուի հաղթանակը, որ առաջ է անցել 25 հազար ձայնով։
Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է, այսօր կազմել է 486 դրամ, Եվրոն 546 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 637, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44 դրամ:











