Պաշտպանության նախարարի հայտարարությունում ոչ մի տարօրինակ բան չկա: Ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով ՀՀ Պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ ադրբեջանական ագրեսիայի դեպքում «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը կվերաձեւակերպվի որպես «նոր պատերազմ նոր տարածքների համար» սկզբունքի:
Նրա խոսքով, ինչպես Տոնոյանի հայտարարությունը, այնպես էլ Ղարաբաղում Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը, սպասելի էին հաշվի առնելով, որ այդ մարդիկ պատասխանատու են անվտանգության համար: «Նրանք ուժային կառույցների ղեկավարներ են եւ չեն կարող «դիվանագիտություն» խաղալ: Կարեւոր է, որ նրանք չեն փորձել խուսափել նման հայտարարություններից: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բացասական արձագանք չի եղել այդ կապակցությամբ», - նշեց նա:
Մանոյանը շեշտեց, որ այս հայտարարությունները պետք է լսեին Բաքվում, եւ լսվել են: «Դավիթ Տոնոյանը Բաքվի իշխանություններին ցույց տվեց, որ «տարածքներ խաղաղության դիմաց» ձեւակերպումը, որն առաջացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ, այլեւս արդիական չէ», - եզրափակեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու-Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր պատրաստակամությունն էր հայտնել նոր ադրբեջանական ագրեսիայի դեպքում «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը վերաձեւակերպել որպես «նոր պատերազմ նոր տարածքների համար» սկզբունքի:





























