Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ռազմական ներուժը մշտապես զարգացնելու  անհրաժեշտություն կա։ Այս մասին ապրիլի 2-ին Եռաբլրի զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Նրա խոսքով՝ 2016 թվականի ապրիլին մենք դարձանք լայնածավալ ռազմական գործողության վկաները, բայց հակառակորդն իր նպատակին չհասավ։

«Ոչ ստանդարտ ռազմական իրավիճակներում կարող է պատահել ինչ ասես։ Գլխավորն այն է, թե արդյունքը որն է։ Մեր կորուստներն էապես քիչ էին, քան հակառակորդի կորուստները, որը, ըստ էության, ձախողեց խնդրի լուծման փորձը ռազմական ուժի օգնությամբ։ Նման անհաջող փորձը դեռ երկար կզսպի նրանց հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու գայթակղությունից»,- նշել է նա։ Անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությանը՝ Խոսրով Հարությունյանն ասաց, որ հատկանշական, է որ պաշտպանության նախարարի հայտարարությունն արվում է ԱՄՆ-ում եւ 2016 թվականի իրադարձությունների տարելիցին ընդառաջ։ «Դավիթ Տոնոյանը նշել է, որ եթե Ադրբեջանը շարունակի խնդիրը լուծել ռազմական ուժի օգնությամբ, ապա դա կհանգեցնի նոր տարածքների կորստի հակառակորդի կողմից։

Բացի այդ, ռազմական գործողությունները կարող են հանգեցնել նոր զոհերի, ինչը, բնականաբար, ցանկալի չէ։ Կարծում եմ, սա է Դավիթ Տոնոյանի հայտարարության իմաստը»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր նոր ադրբեջանական ագրեսիայի դեպքում վերաձեւակերպել «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը «նոր պատերազմ նոր տարածքների համար» սկզբունքով։