Հայաստանը միշտ առանձնացել է ուժեղ ինտելեկտուալ դպրոցով: Ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Համակարգչային եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիայի գործադիր տնօրեն Նիկոլայ Կոմլեւը:

Նրա խոսքով՝ Հայաստանում պահպանվել են ԽՍՀՄ-ի տարիներին գոյություն ունեցած ծիլերը, ինչը հաջողության երաշխիք է դարձել:

«ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստում է այն բիզնեսը, որը երկրում չէ, հետադարձ ներդրումներով ներդումներ է կատարում ոլորտում», - նշեց նա:

Ապրիլի 4-5 Երեւանում կայանալիք ՏՏ գագաթնաժողովի թեմային անդրադառնալով՝ Կոմլեւն ընդգծեց, որ Ասոցիացիան 2003-ից համաժողովներ է անցկացնում, հիմնականում Ռուսաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ուկրաինայում:

Հայաստանում համաժողովն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Դրան կմասնակցի մոտ 200 մարդ, այդ թվում ակնկալվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մասնակցությունը:

«Համաժողովի նպատակը ՏՏ բիզնեսի հեռանկարների, ոլորտի աջակցությանը հայկական եւ ռուսական միջոցների արդյունավետության բարձրացման մասին քննարկումն է, փորձի փոխանակումը: Բացի այդ կքննարկվեն ՏՏ բիզնեսի փոխներթափանցման հեռանկարները, կադրային եւ այլ հարցերի լուծման փորձը», - եզրափակեց նա:

Իր հերթին «Հայաստանի իրավասություն»  հիմնադրամի «Հերունի ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ղեկավար Արեւիկ Սարգսյանը նշեց, որ նախատեսված  է նաեւ  խորհրդային գիտնական Պարիս Հերունու կողմից 1985թ. ստեղծված Հերունի հայելային ռադիոաստղադիտակի վերականգնման (աշխարհի առաջին ռադիոաօպտիկական աստղադիտակ) նախագծի իրականացման քննարկումը:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-5-ը Երեւանում տեղի կունենա ՏՏ ոլորտի համաշխարհային առաջատարների` Intel Corporation-ի, «Սկոլկովո հիմնադրամի», «Մարվել Դիստրիբուցիա»-ի, Dell EMC-ի, Hewlett Packard Enterprise-ի, ABBYY-ի, IBM-ի, «Կասպերսկու լաբորատորիայի», «Յանդեքս»-ի եւ ուրիշների մասնակցությամբ գագաթնաժողով: