Ես դրական եմ գնահատում Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» վերաձեւակերպման մասին։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։
Նա նշել է, որ դա բավական տրամաբանական էր, եւ եթե մենք խաղաղություն ենք ուզում, ապա պետք է պատրաստվենք պատերազմի։
«Նման մոտեցումը չի հակասում բանակցային գործընթացին, ընդհակառակը, նպաստում է բանակցությունների արդյունավետ վարմանը։ Ցանկացած հակառակորդ, թուլություն զգալով, փորձում է օգտվել դրանից։ Պաշտպանության նախարարի ուղերձի գլխավոր միտքն այն է, որ մենք թույլ չենք»,- ընդգծել է պատգամավորը։
Նա պարզաբանել է, որ Հայաստանի ժողովուրդը տրամադրված է խաղաղության, եւ երկրում չկա այլատյացության քարոզչություն։
«Մեզ մոտ մարդասպաններին չեն հերոսացնում։ Մենք խաղաղության պատրաստվելու անհրաժեշտություն չունենք։ Իսկ մի երկրում, որտեղ քարոզվում է այլատյացություն, հասարակությունը չի կարող պատրաստ լինել խաղաղության։ Այս մասին պետք է մտածի Ալիեւը»,- ամփոփել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը օրերս, Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է ադրբեջանական ագրեսիայի դեպքում վերաձեւակերպել «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը «նոր պատերազմ նոր տարածքների դիմաց» սկզբունքի։





























