Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խոր վշտով տեղեկացա մեծանուն կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան մասին:

«Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Մի վշտացիր» և հանրահայտ այլ ֆիլմերի շնորհիվ Գեորգի Դանելիան նվաճեց լայն հանդիսատեսի մեծ համակրանքն ու սերը: Նրա ստեղծած կինոհերոսներին հատուկ են անկեղծությունը, լավատեսությունն ու անգերազանցելի հումորը: Նրանք հաստատում են բարին ու գեղեցիկը, սերն ու հավատարմությունը:

Հայաստանի ժողովրդի անունից ցավակցում եմ Գեորգի Դանելիայի հարազատներին և մտերիմներին»,- ասված է Փաշինյանի հեռագրում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երկարատեւ հիվանդությունից հետո 88 տարեկանում մահացել է խորհրդային եւ ռուս կինոռեժիսոր Գեորգի Դանելիան։