Microsoft-ը պաշտոնապես հայտարարել է Windows 10 May 2019 Update-ի՝  իր օպերացիոն համակարգի հերթական ֆունկցիոնալ թարմացման մասին: Օգտատերերի համար այն հասանելի կդառնա մայիսի վերջին, գրում է IXBT-ն:

Microsoft-ն իր բլոգում ուշադրություն է  դարձրել մեկ նորարարությանը՝ նման ֆունկցիոնալ թարմացուների նկատմամբ ավելի մեծ վերահսկողությանը:

Windows 10-ի նախորդ ֆունկցիոնալ թարմացումներում համակարգչում տեղադրումն ավտոմատ կերպով էր կատարվում: Այժմ օգտատերը թարմացման մասին ծանուցում կստանա, կկարողանա ընտրել՝ տեղադրել այն թե մինչեւ 35 օր սպասել: Եթե օգտատերը որոշի դեռ չտեղադրել ֆունկցիոնալ թարմացումը, համակարգը կարող է շարունակել անվտանգության թարմացումներ ստանալ:

Մայիսյան թարմացումը նաեւ նոր լուսավոր թեմա է ներառում, ծանուցունների կենտրոնում եւ Windows Sandbox-ում բարելավումներ, այսպես կոչված ճապոնական Kaomoji սմայլներ, Windows-ի վահանակում եւ Cortana ձայնային օգնականի միջոցով առանձին որոնում: