Ինձ ձերբակալելու դեպքում «Սպայկա» ընկերությունը կշարունակի գործել։ Այս մասին ապրիլի 5-ին լրագրողներին ասել է «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ընկերությունը միշտ եղել է թափանցիկ իր գործունեության մեջ, եւ հիմա նույնպես չի պատրաստվում քաղաքականացնել հարցը՝ կապված 7 մլրդ դրամ գումարի հետ, որն իբր ընկերությունը պարտք է։ «Մենք միշտ աշխատել ենք Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի հետ առավելագույնս թափանցիկ։ Անհասկանալի է, թե ինչու մենք այդ մասին միայն հիմա ենք իմանում։ Ինչո՞ւ չէր կարելի հնարավոր խախտումների մասին ասել ավելի շուտ»,- նշել է նա։

Տնօրենը վարկած է առաջադրել, որի համաձայն՝ 7 մլրդ դրամ գումարը «ի հայտ է եկել», որպեսզի «դուր գա ժողովրդին»։

«Հեղափոխությունից հետո մենք բոլորս, այդ թվում ես, լի էինք վստահությամբ, որ ապրելու ենք իրավական պետությունում։ Բացի այդ, «Սամբրիել» պանրի գործարան Նիկոլ Փաշինյանի այցելությունից հետո տպավորություն էր ստեղծվել, որ կկարողանանք աշխատել պետության հետ նորմալ պայմաններում»,- ընդգծել է Դավիթ Ղազարյանը։

Հարցին, թե ով է ընկերության սեփականատերը, Դավիթ Ղազարյանն ասել է, որ հիմա ինքն է միանձնյա ընկերության սեփականատերը։

«Նախորդ տարիներին ընկերության համասեփականատերն էր Ռոզա Ստեփանյանը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերության տնօրենը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պատվիրված փորձաքննության հետեւանքով իր ընկերությանը «կպցրել» են 7 մլրդ դրամ պարտք։

Բացի այդ, քննիչը դատարան է ներկայացրել միջնորդություն նրան ձերբակալելու մասին Հայաստանի ՔՕ 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուսափում առանձնակի խոշոր չափերի հարկերի, տուրքերի կամ այլ պարտավորությունների վճարումից։