Համացանցում հայտնվել է Կրասնոյարսկի երկնքում երկնաքարի անկման տեսանյութը:

Տեսանյութում երեւում է փայլուն օբյեկտը, որը հանգչում է երկու փայլատակումներից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բնակիչներից մեկի խոսքերով՝ վառ կանաչավուն օբյեկտը սլացավ երկնքում եւ հալվեց:

«Այն թռչում էր երկրին զուգահեռ՝ շատ մեծ արագությամբ… Ամեն ինչ տեւեց շուրջ 5 վայրկյան»,-պատմել է կինը:

Նմանօրինակ հաղորդագրություններ հրապարակվել են նաեւ սոցցանցերում Կրասնոյարսկի մյուս բնակիչների կողմից: Մարզի ԱԻՆ-ը չի հաստատել թռչող օբյեկտի մասին տեղեկատվությունը:

Ավելի ուշ Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի դոցենտ, աստղագետ Վլադիմիր Սուրդինը հաստատել էր, որ ականատեսները նկատել էին խոշոր եւ վառ երկնաքարի անկումը:

«Մեր օրերում այնքան շատ են տեսանկարահանող սարքերը, որ գրեթե անհնար է բաց թողնել որեւէ երկնաքարի թռիչքը»,-պարզաբանել է նա «Զվեզդա» հեռուստաալիքին:

Երկնաքարի տեղաշարժը տեսել են նաեւ Կանսկի եւ Իլանսկի շրջանի բնակիչները: