Միացյալ ազգերի կազմակերպությունն ուսումնասիրում է լողացող քաղաքների կառուցման հնարավորությունը՝ գրում է Daily Mail-ը։

Ինչպես նշում է թերթը, լողացող քաղաքների ստեղծման հիմնական նպատակը կլինի գլոբալ տաքացման հետեւանքով ծովի մակարդակի բարձրացման դեպքում առափնյա շրջանների բնակիչներին փրկելը։

Նշվում է, որ խորտակման վտանգի տակ է աշխարհի խոշորագույն քաղաքների 90 տոկոսը։

Թիմը, ՄԱԿ-ի աջակցությամբ, կզբաղվի ծովի հատակին ամրացված մոդուլային հարթակների ֆուտուրիստական նախագծի ուսումնասիրությամբ։ Դրանք կարող են օվկիանոսներում բնակության վայրեր լինել։

Այդ հնարավորության ուսումնասիրությունը, ՄԱԿ-ի UN-Habitat-ի աջակցությամբ, կիրականացնեն մասնավոր Oceanix ընկերությունը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը եւ Հետազոտողների ակումբը։

Հետազոտողների թիմը ծրագրում է մի քանի ամսվա ընթացքում ստեղծել ապագայի լողացող քաղաքի նախատիպ եւ ներկայացնել այն հանրությանը։ Ակնկալվում է, որ նախագիծը կներկայացվի Նյու Յորքի Իստ-Ռիվեր նեղուցում, որը ՄԱԿ գլխավոր գրասենյակի մոտակայքում է։