Facebook ընկերությունը մտադիր է Աֆրիկայի շուրջ ստորջրյա մալուխ անցկացնել՝ ինտերնետի լայնագոտի հասանելիության եւ մայրցամաքի բնակիչների ավելի հեշտ գրանցումը սոցցանցում ապահովելու համար՝ հայտնում է Wall Street Journal-ը։
Թերթի տվյալներով, «Առյուծ արքա» մուլտֆիլմի հերոսի պատվին անվանված «Սիմբա» եռափուլ նախագիծը կանցնի մայրցամաքի արեւելյան, արեւմտյան եւ միջերկրածովյան մի քանի երկրների ափերով, թեեւ ստույգ երթուղին դեռ որոշված չէ։
Facebook-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը, սակայն նշել է, որ ընկերությունը «դիտարկում է որջ աշխարհը, երբ խոսքը ստորջրյա մալուխների մասին է»։
Ինչպես նշում է թերթը, «Սիմբան» բարձր արագությամբ ինտերնետի ապահովման օպտիկամանրաթելային կապի գիծ անցկացնելու Facebook-ի առաջին փորձը չէ։
Նախկինում ընկերությունը Հյուսիսային Ամերիկան, Եվրոպան եւ Արեւելյան Ասիան կապող նախագծեր է պատրաստել։
Աղբյուրների տեղեկատվությամբ, ընկերության ներկայացուցիչներն այժմ «Սիմբա» նախագծի շուրջ բանակցություններ են վարում, ընդ որում՝ կողմերը կարող են պլանավորված արդյունքի հարցում համաձայնության չգալ։




























