Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանն ապրիլի 4-6-ը Իրաքյան Քուրդիստան կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է անցկացրել:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Փոլադյանը, մասնավորապես, հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի Անվտանգության խորհրդի կանցլեր Մասրուր Բարզանիի (Masrour Barzani) հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են հայ եւ քուրդ ժողովուրդների պատմականորեն ձեւավորված հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Նրանք մտքեր փոխանակել երկկողմ առեւտրական հարաբերությունները խորացնելու շուրջ, ինչպես նաեւ պայմանավորվել են շարունակել իրենց շփումները։ Փոլադյանը նաեւ երախտագիտություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի կառավարությանը՝ հայ համայնքին անվճար տրամադրած հողատարածքի, ինչպես նաեւ կառավարության ֆինանսավորմամբ` Էրբիլի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու կառուցման համար։

Այնուհետեւ Իրաքում Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրաքյան Քուդիստանի խորհրդարանի խոսնակ Վալա Ֆարիդին (Vala Farid), փոխխոսնակ Հեմին Հավրամիին (Hemin Hawrami)։ Կողմերը քննարկել են հայ եւ քուրդ խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները:

Տեղի է ունեցել հանդիպում արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախարար Ֆալահ Մուստաֆայի (Falah Mustafa) հետ: Զրուցակիցները քննարկել են Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հավանականությանը։ Նրանք նաեւ քննարկել են երկկողմ հետարքրքրություն ներկայացնող առեւտրի եւ մշակույթի ոլորտի հարցերը, տարածաշրջանային զարգացումները, էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։ Նախարար Ֆալահ ՄուստաՖան, մասնավորապես, ներկայացրել է Իրաքյան Քուրդիստանի կառավարության մոտեցումը` խաղաղ գոյակցության եւ երկխոսության միջոցով չլուծված խնդիրների կարգավորմանը հասնելու համար։

Փոլադյանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել նաեւ ներքին գործերի նախարար Քարիմ Սինջարիի (Karim Sinjari) հետ: