Հայաստանի Ազգային ժողովի շենքի առջեւ բողոքի ակցիայի մասնակիցների մեջ կան սադրիչներ։ Այս մասին ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Նրա խոսքով՝ կան նաեւ մարդիկ, ովքեր եկել են արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումը, բայց նկատելի է, որ ակցիան ընթանում է ոչ առանց սադրանքների։ «Սադրիչներն աշխատում են, որպեսզի Հայաստանում որոշակի ուժերի մոտ ինչ-որ գործընթացներում իշխանություններին մեղադրելու առիթ առաջանա, այդ թվում՝ օգտագործելով սոցիալական ցանցերը»,- հավելել է նա։

Նշենք, որ Հայաստանի Ազգային ժողովի շենքի առջեւ տեղի է ունենում բողոքի ակցիա ի պաշտպանություն ազգային ավանդույթների։ Ակցիայի մասնակիցները վրդովված են Հայաստանի խորհրդարանի ամբիոնից տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից։