Ավտոմաքսատուն այցից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ Հայաստանը կարող է դիմել ԵՏՄ գործընկերներին, որպեսզի հնարավորություն ստանա երկարացնել այլ երկրներից մեքենաներն էժան գնով ներկրելու ժամկետները։
«Կնայենք, կդիտարկենք։ Մենք պիտի էդ հարցը շատ լուրջ նայենք, չէ՞: Հիմա 2000 թվականի մեքենա 300 դոլարով ներկրում ենք Հայաստան ու ներկրում ենք հազարներով: Սա լա՞վ է, թե՞ վատ է։ Ամեն օր ասում ենք՝ վայ, խցանումները, խցանումները, հետո էլ ասում ենք ՝վայ, վթարները։ Հայաստանը ի՞նչ, մեքենաների գերեզմանո՞ց է», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս ամենը խնդիրներ է։
Դիտարկմանը, որ Ղազախստան էլ են մեքենաներ տանում Հայաստանից, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Հա, տանում են, բայց մեր երկրում էլ է չէ՞ մնում: Ի՞նչ է նշանակում մի շաբաթվա մեջ անցած տարվա ապրիլի 70 տոկոսը մեքենաների եկած լինի, դա նշանակում է, որ ապրիլին առնվազն մոտավորապես 300 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա նույն ցուցանիշը»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ չի ցանկանում ներկրումների ծավալը կրճատի, ուզում է մեքենաների պարկը թարմանա. «21-րդ դար ենք մտնում, էլեկտրոմոբիլներին էլ հարկային արտոնություն տվինք: Կարո՞ղ է ժամանակն է սկսենք մտածել, որ Երեւանում պետք է էլէկետրոմոբիլ լինի», - ասաց վարչապետը։
Նա նկատեց, որ այո, այստեղ սոցիալական խնդիրներ կան, բայց նաեւ նոր մտածողության խնդիրն էլ կա. «Մենք պետք է մեր երկրի պատկերի մասին մտածենք»:











