Վատ է, որ Մարաղա գյուղի իրադարձություններին նվիրված միջոցառմանը չկան կառավարող «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներ։ Այս մասին ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում փորձագիտական լսումների ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունն, անշուշտ, ավելի քիչ հնարավորություններ ունի իրավաքաղաքական տեսակետից որեւէ գործունեություն իրականացնելու համար։ «Մեր հնարավորությունները սահմանափակված են խորհրդարանական դիվանագիտության ձեւաչափով։ Մենք պատրաստ ենք համագործակցել մեր հնարավորությունների շրջանակում»,- ասել է պատգամավորը։

Գորգիսյանն ընդգծել է, որ այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին ամենակարեւորը անվտանգության հարցն է։ «Պետք է բարձրացնել այն հարցը, թե որտեղից են բխում անվտանգության սպառնալիքները։ Մենք ունենք անհրաժեշտ փաստեր, որոնք հնարավորություն են տալիս հիմնավորել Ղարաբաղի անկախության ճանաչման պահանջն ու անհրաժեշտությունը»,- ամփոփել է նա։

Նշենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի են ունենում փորձագիտական լսումներ՝ նվիրված ադրբեջանական զորքերի կողմից հայ խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմանը Մարաղա գյուղում։