ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իմ միջեւ պաշտոնական հարաբերություններ են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ձեւավորվել իր եւ վարչապետի հարաբերությունները՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այն ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության արդյունքների հրապարակումից հետո հայտարարեց, որ Գագիկ Հարությունյանի անվամբ քվեաթերիկները փոփոխվել են։

«Ցանկացած ընտրության ժամանակ էլ կարող են տարաբնույթ խոսակցություններ լինել, սակայն այդ ընտրությունների արդյունքները որեւէ ձեւով չեն վիճարկվել, իսկ մեր միջեւ հարաբերություններն էլ պաշտոնական հարաբերություններ են»,–ասաց Գագիկ Հարությունյանը։

Այն նկատառումների մասով, թե  ԲԴԽ մարմիններին ընտրած նախորդ  Ազգային ժողովը լեգիտիմ չի եղել, Գագիկ Հարությունյանն ասաց. «Այդ Ազգային ժողովը նաեւ ընտրել էր վարչապետ, երկրի նախագահԼ Երկրում պետք է լինի ինստիտուցիոնալ հիշողություն, չի կարելի է ամեն ինչին մոտենալ այսինչ աշխարհը կքանդենք մենք, դա սխալ մոտեցում է, պետք է լինի զարգացում, այստեղ որեւէ խնդիր չկա, իսկ Աժ պատգամավորը նրա համար է, որ ասի այն ինչ մտածում է, բայց չպետք է ամեն ինչ հալած յուղի տեղ ընդունել»։

Հարցին՝ դատական համակարգի ներկայացուցիչները դիմել են դատարան ԲԴԽ նախագահի լեգիտիմության հարցով, նշել են, որ Գագիկ Հարությունյանի տարիքը չի համապատասխանում, ուստի նա լեգիտիմ ԲԴԽ նախագահ չի, այսինքն՝ դատավորները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ, հնարավոր է՝ հետագայում ԲԴԽ որոշումները վիճահարույց լինեն, եթե ՄԻԵԴ–ը ընդդեմ Հայաստանի վճիռ կայացնի, ինքն այս պարագայում ինչ հանգուցալուծում է տեսնում. «Այդտեղ խնդիր չկա, որ հանգուցալուծում լինի, քանի որ դատավորները դատական վեճ ունեն, բնականաբար ես չեմ մեկնաբանի նրանց ասածը եւ արածը,  այդտեղ օրենսդրական ոչ մի խնդիր առկա չէ, ոչ Սահմանադրությամբ, ոչ դատական օրենսգրքով, ոչ էլ մեկ այլ իրավական ակտով։ հարցադրումն այդտեղ վերաբերել է ընտրության կարգին, որը սահմանդրությամբ դատական օրենսգրքով է նախատեսված։ Նախատեսված է դրույթ, որը անցումային ժամանակաշրջանի համար նախատեսել է այլ ընթացակարգ»։

Հիշեցնենք, որ քաղաքացիական գործեր քննող դատավորներ Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոյանը տարեսկզբին դատական հայց են ներկայացրել՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի։

Դատավորները վիճարկում են Գագիկ Հարությունյանին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու հարցը։ Նրանք դիմել են վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Գագիկ Հարությունյանին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ ԲԴԽ–ի 2018թ. մարտի 5-ի գործողությունները։