Հայաստանը պատրաստ է հարաբերություններ զարգացնել բոլոր միջազգային գործընկերների հետ։ Այս մասին, պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակի հարցին, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղափոխությունը Հայաստանում տեղի է ունեցել առանց դրսից որեւէ ուժի մասնակցության։ «Մեզ համար դա ազգային արժանապատվության հարց է, ինձ համար դա իմ արժանապատվության հարցն է։ Դեմոկրատիան բխում է մեր ժողովրդի աշխարհայացքից»,- նշել է նա։
Վարչապետն ընդգծել է, որ չնայած համաշխարհային որոշ ԶԼՄ-ների՝ այստեղ աշխարհաքաղաքական համատեքստ գտնելու փորձերին, ամեն ինչ տեղի է ունեցել այնպես, ինչպես ինքն է ասում։ «Հեղափոխությունն ուղղված չէր մի ինչ-որ երկրի կամ կազմակերպության դեմ, այն կատարվեց հանուն ազատ ու երջանիկ ապագայի»,- ասել է նա։
Փաշինյանը հավաստիացրել է, որ լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանն ամեն բան կանի, որպեսզի այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի, ինչպես եւ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների զարգացման համար։ Միեւնույն ժամանակ, Հայաստանն ամեն բան կանի ՀԱՊԿ արդյունավետ զարգացման համար, որի անդամ է հանդիսանում։ «Մենք գերազանց հարաբերություններ ունենք ԵՄ-ի հետ։ Բացի այդ, ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մեր ստորագրած համաձայնագրի բովանդակությունն ամբողջովին համընկնում է մեր կառավարության օրակարգի հետ»,- ավելացրել է նա։











