Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն. Ինչ անում են, անում են ի վնաս երկրի, տնտեսության, փոքր ու միջին բիզնեսի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով օրեր առաջ իրեն պատկանող «Առինջ մոլ»-ում ՊԵԿ-ի ստուգումներին:
Նրա խոսքով, ստուգումներից հետո 2200 խանութ գրեթե այցելու չի մտել. «Վախից չեն եկել, ամբողջ օրը վաճառել է միայն մեկ խաղալիք: Մենք երեք տարի վարձ չենք վերցրել, որմարդիկ կայանան»:
Հարցին, թե ՊԵԿ-ն ի՞նչ էր փնտրում «Առինջ մոլ»-ում եւ ինչու էին 40 հոգով եկել ստուգման, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Գնացեք հարցրեք, թե ինչ էին փնտրում: Ես չեմ ուզում արդարանալ, ես արդարանալու ոչ մի բան չունեմ: Ինձ ոչ մի հարց պարզ չի, ուզում է 5 հազար հոգով գան: Քամին քարից ի՞նչ պետք է տանի: Դա միայն վնաս է երկրին, ժողովրդին, տնտեսությանը»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ առաջնորդն ասում է, որ իրեն ոչ մի բան չեն կարող անել, իսկ ինչ-որ բան ուզո՞ւմ են անել Ծառուկյանին, նա արձագանքեց. «Ծառուկյանին ոչ մի բան չեն ուզում անել, չեն էլ կարա»:











