Ես հիշում եմ թե ինչեր եմ ասել մեկ տարի, 5 տարի առաջ եւ իմ ասածներին տեր եմ եւ հպարտանում  եմ իմ ասածների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երեկ լրագրողը վարչապետին տվել է իմ մասին հարց, որը ես չեմ ասել: Իբր իմ հարցազրույցից ցիտել է, վարչապետն էլ փոխանակ հարցնի՝ վստա՞հ եք, որ նման բան է ասել, միանգամից արձագանքում է: Ես մեկ տարի առաջ այս օրերին եղել եմ այն մարդկանցից մեկը, ով փորձել է ամեն ինչ անել, որ երկրում արյունահեղություն երկրում չլինի: Դա չի արվել, որ որևէ մեկն այսօր ինձ ասի՝ վայ, ապրես դու, կամ այլ բանի ասի: Բոլոր կողմերի խոհեմության արդյունքում, բոլորիս ջանքերով ՀՀ-ում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն, փոփոխություններ, որի արդյունքները մենք այսօր քաղում ենք»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին անդրադառնալով Մարուքյանի այն հայտարարությանը, որ «Քաղաքացու օր» հռչակելով կառավարությունն ինքն իրեն մեծարելու օր է ընտրել, և որ քաղաքացին այսօր սոսկ հպատակ է, ասել էր. «Եթե վերադառնանք ու տեսնենք, թե մեկ տարի առաջ ինչ էր հայտարարում Էդմոն Մարուքյանը, ապա շատ բան կարող է հասկանալի դառնալ»:

Մարուքյանը նկատեց, որ երեկ այդ նույն պահին, ինքն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՔՊ անդամին հարցնում էր՝ ինչու չեք կատարում Նիկոլ Փաշինյանի մեկ տարի առաջվա խոստումը. «Թող խոստում տվողները կատարեն իրենց խոստումները, հետո կխոսենք»:

Ինչ վերաբերում է այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանի» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների բուռն բանավեճին, Էդմոն Մարուքյանն ասաց. «ԱԺ-ն քաղաքական հարթակ է, այստեղ մարդիկ չեն հավաքվել, որ իրար գովան, իրար մասին կենացներ ասեն: Լինում են նաեւ բանավեճեր, երբեմն կարող են սրվել, բայց դրանք մնում են քաղաքական հարթության մեջ: Այդ բանավեճերը չի կարելի տեղափոխել անձնական հարթություն:

Աշխարհի տարբեր խորհրդարաններում իրար ծեծում, ջարդում են, մեր ԱԺ-ում նման բան չի եղել: Եթե բանավեճեր չլինեն, կստացվի, որ խորհրդարանը բազմակարծության, խոսքի ազատության հարթակ չի»:

Մարուքյանը  շատ նորմալ է համարում, որ իշխանության ներկայացուցիչները տարբեր պատգամավորները դժգոհում են ընդդիմությունից. «Դա նշանակում է, որ ընդդիմությունը լավ է աշխատում:

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հայտարարությանը, թե Մարուքյանը ԱԺ նիստերի դահլիճի դուռը շրխկացնում է, նաեւ նիստերի ժամանակ հեռախոսով է խաղում, ԼՀԿ ղեկավարն ասաց. «Համազասպը կարող է ստուգել, թե «Լուսավոր Հայաստանը» քանի նախագիծ է ներկայացրել, թե ինչպես է մեր կուսակցությունը գրասենյակներ բացելով առաջ գնում: Այն աշխատանքը, որ մենք անում ենք մեր փոքր ռեսուրսներով, իրենք դրա 0,5 տոկոսը չեն արել:

ԱԺ դուռը ծանր է, շրխկում է, բնականաբար, դա Համազասպի հետ կապ չունի: Իսկ հեռախոսներով աշխատանքներ անելը, բոլորն են անում, որովհետեւ դահլիճում չենք կարող զանգերի պատասխանել, ստիպված ենք SMS անել, որ նիստ է, չենք կարող պատասխանել: Դա վստահ եմ ՝ Համազասպին չի խանգարում»: