Ես կարծում եմ, որ խորհրդարանում անհանդուրժողականության մթնոլորտ ընդհանրապես չկա, ճիշտ հակառակը՝ նույնիսկ կրքերը փորձում ենք հանդարտեցնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ընդդիմության այն  պնդումներին, թե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կառավարության որոշումները դակում են, նա պատասխանեց. «Շատ իզուր են ասել, որովհետեւ ընդդիմության բազմաթիվ  առաջարկներ արժանացել են դրական եզրակացության, դարձել են օրենք։ Իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները պետք է դառնան օրենք։ Նույնիսկ մեծամասնության բոլոր առաջարկները չեն դառնում օրենք»։

Դիտարկմանը, թե գուցե լուրջ չեն վերաբերում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, Միրզոյանն ասաց. «Ինչ–ինչ անլուրջ վերաբերմունք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նկատմամբ խորհուրդ չէի տա ունենալ»։

Նա նշեց, որ տարբեր շրջանակների կողմից այսօր միտում կա փորձել չտեսնել լավը եւ նույնիսկ որոշ դեպքերում ավելացնել ոչ հավաստի ինֆորմացիա, կամ եղածն այլ կերպ ներկայացնել: Միրզոյանի խոսքով՝ այդ մանիպուլյացիաները շարունակվում են:

ԱԺ նախագահը պնդեց՝ իրենց բոլոր խոստումները քայլ առ քայլ իրականացնում են. «Օրինակ, այսօր տեսաք, որ մենք խոսում էինք, որ առաջին փոխվարչապետի ինստիտուտ սահմանադրությամբ նախատեսված չէ եւ հիմա բերել ենք կառավարության կառուցվածքի նախագիծը, որում առաջին փոխվարչապետի պաշտոն նախատեսված չէ»։