Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լատվիա եւ հանդիպել այդ երկրի նախագահ Վալդիս Զատլերսի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ու Վալդիս Զատլերսը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին փոխայցելությունների եւ բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ քաղաքական երկխոսությունը, զարգացել են կապերը մշակութային, կրթական եւ մի շարք այլ ոլորտներում:
Անդրադառնալով 2009թ. Լատվիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցին` կողմերը նշել են, որ նախագահ Զատլերսի այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ արդեն կյանքի են կոչվել: Իսկ Հայաստանի նախագահի այցի նպատակն է շարունակել 2009թ. դեկտեմբերին կայացած արդյունավետ երկխոսությունը` ի նպաստ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման:
Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Երեւանում եւ Ռիգայում դեսպանատների հիմնումը:
Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի եւ Լատվիայի միջեւ 2011-2013թթ. մշակութային համագործակցության ծրագիր, ինչպես նաեւ երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջեւ եվրամերձեցման ոլորտում համագործակցության մասին արձանագրություն, որին հաջորդել է Հայաստանի եւ Լատվիայի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:





























